Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դարձյալ խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրել մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և բարեկարգման մասով, հատկապես վարձակալությամբ տրված տարածքների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ:
Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է Փ. Բուզանդի փողոցին հարող «Վերնիսաժի» տարածքում տիրող բարձիթողի իրավիճակին, որի ականատեսն անձամբ է եղել հանգստյան օրերին այնտեղ այցելելու ընթացքում: Կարեն Կարապետյանի դժգոհությունն ու զայրույթն են հարուցել կանաչ գոտիների հաշվին իրականացվող առևտուրն ու շատրվանների և ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը: Ըստ այդմ, քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել և տարածքը վարձակալած տնտեսվարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները, բարեկարգել և կանաչապատել տարածքը:
Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պայմանագրային պարտավորությունները չկատարող սուբյեկտները օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել համապատասխան տույժի, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցման: Իսկ մասնավորապես «Վերնիսաժի» մասով հանձնարարել է. «Մինչև շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին և արգելվի այդ հատվածում առևտրի իրականացումը: Վերահսկեք, որպեսզի վարձակալը կատարի բարեկարգման և կանաչապատման պայմանագրային պարտավորություններն ու պահպանի այն»,- շեշտել է քաղաքապետը: Հասարակական վերահսկողության նպատակով քաղաքապետն առաջարկել է ներգրավել նաև բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին, հաղորդում է Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:





