Ավտոմեքենաների տեխնիկական զննման ոլորտում ՀՀ կառավարությունը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է բացահայտել: Այս մասին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ուսումնսիրություններն այս ոլորտում բացահայտեցին լրջագույն խնդիրներ: Մեքենաներ կան հանրապետությունում, որ տեխնիկական զննման կայան ընդհանրապես չեն ժամանել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, Կառավարությունը հետևողական է, որպեսզի իր կողմից ընդունված համապատասխան որոշմամբ ամրագրված գործառույթներն իրականացվեն, ինչը բխում է շուրջ 300 հազար մարդկանց շահերից:
Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Կառավարությունը պետք է վերահսկի արդյոք բոլոր մեքենաներն են Հայաստանում անցել տեխզննում: Վարչապետն ասաց, որ ոստիկանությունը կունենա համակարգչային ծրագիր, որը թույլ կտա հետևել, որ մեքենաններն են անցել տեխզննում, որոնք` ոչ:





