Երևան քաղաքի Արաբկիր համայնքի տարածքում տեղադրված ավտոմատ կայանի անընդմեջ տվյալների համաձայն մթնոլորտում ծծմբի երկօքսիդի և ածխածնի մոնօքսիդի միջին կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում, PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանի բնապահպանության նախարարությունից:
Իրական ժամանակի անընդմեջ ռեժիմով որոշված ազոտի երկօքսիդի պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցել է մոտ 1,5 անգամ (կոնցենտրացիան կազմել է 0,062 մգ/մ3): Ազոտի երկօքսիդի նման պարունակությունները մշտապես դիտվում են քաղաքի մթնոլորտային օդում:
Ավտոմատ սարքավորումների տվյալներով նախորդ օրերի համեմատությամբ ապրիլի 19-ի և 20-ի կեսօրվա տվյալներով ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և ածխածնի մոնօքսիդի կոնցենտրացիաների էական փոփոխություններ չեն դիտվել:
Ապրիլի 18-ի տվյալներով քաղաքի մթնոլորտում փոշու միջին կոնցենտրացիան թույլատրելի նորման գերազանցել է մոտ 1,7 (կոնցենտրացիան կազմել է 0.26 մգ/մ3, միջին օրական թույլատրելի նորման 0.15 մգ/մ3 է) անգամ: Ապրիլի 19-ի ժ.13:00-ից մինչև ապրիլի 20-ի ժ.13:00-ի տվյալներով մթնոլորտային օդում փոշու պարունակությունը առանձնապես չի փոխվել` դիտվել է 1.8 անգամ նորմայից բարձր (կոնցենտրացիան կազմել է 0.28 մգ/մ3):
Փոշու և ազոտի երկօքսիդի նման պարունակությունները սովորաբար դիտվում են քաղաքի մթնոլորտային օդում ամսվա մի քանի օրերի ընթացքում, որը բնորոշ է քաղաքի ընդհանուր էկոլոգիական վիճակին:
Ապրիլի 19-ին և 20-ին, նախորդ օրերի համեմատ, Երևան քաղաքի մթնոլորտային օդի բաղադրության էական փոփոխություն չի դիտվել, հիմնական բաղադրիչների պարունակությունը եղել է քաղաքի օդին բնորոշ կոնցենտրացիոն արժեքների տիրույթում:
Մթնոլորտային օդի բարձր աղտոտվածություն համարվում է, երբ տվյալ նյութի պարունակությունը մթնոլորտում սահմանային թույլատրելի նորման (ՍԹԿ) գերազանցում է 10 և ավելի անգամ, իսկ արատակարգ բարձր աղտոտվածություն` երբ մթնոլորտում տվյալ նյութի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցում է 20-29 անգամ (երբ այդ մակարդակը պահպանվում է 2 օրից ավելի), 30-49 անգամ (երբ այդ մակարդակը պահպանվում է 8 ժամից ավելի) կամ 50 և ավելի անգամ:





