AM
21 Ապրիլ 2011 - 13:55 AMT

ՀՀ սփյուռքի նախարարությունը մեկ գրքում է ամփոփոել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանները

Ապրիլի 21-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, դասխոսներ, մշակութային և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլք:

Բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ «հանրության դատին հանձնվող ձեռնարկը Սփյուռքի հարյուրից ավելի հայկական համայնքների հետ աշխատանքի արդյունք է: Պատկերագրքի ստեղծումն ապացույց է, որ շարունակվում է պայքարը Հայ Դատի և պահանջատիրության համար: Այն յուրօրինակ ապտակ է պատմության կեղծարարներին և բոլոր նրանց, ովքեր փորձում են ժխտել Հայոց Ցեղասպանության փաստը»:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Ա.Եղիազարյանը համառոտ ներկայացրեց պատկերագիրքը, որն ընդգրկում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարներ և տեղեկություններ դրանց վերաբերյալ:

Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ նախաձեռնելով այս պատկերագրքի ստեղծումը` ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակ է ունեցել մեկ գրքի մեջ ամփոփել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում, ինչպես նաև Սփյուռքում գտնվող հուշակոթողները` որպես ապացույց չխամրող հիշողության, ցավի և ողբերգության, պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության դատապարտման և նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը կարևորագույն այս նախաձեռնության համար` պատկերագրքի հրատարակման անհրաժեշտության վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը և Շիրակ Թորոսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը և այլք: