Հայաստանի ամերիկյան համալսարանում երկար տարիների ծաոայությունից հետո պրոռեկտոր Լուսիկ Դանիելյանը 2011 թվականի հունիսի վերջին հրաժեշտ կտա համալսարանին: ՀԱՀ-ն իր շնորհակալական խոսքն է հղում Դոկտոր Դանիելյանին` համալսարանին նվիրվածություն ցուցաբերելու համար և մաղթում է նրան հաջողություն` իր հետագա գործունեության մեջ:
«Իմ նախագահական պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում, ինձ համար պատիվ է եղել աշխատել դոկտոր Դանիելյանի հետ», – ասաց ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը: «Այս հաստատությունում իր տասնյոթ տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նա անխոնջ աշխատել է` բարելավելու համալսարանի ուսումնական դասավանդման չափանիշները, ինչպես նաև ընդլայնելու ծրագրերն ու պայմանները, լիակատար ավարտի հասցնելու ՀԱՀ-ի հավաստագրումը»: ՀԱՀ-ը հավաստագրված է ԱՄՆ-ի Կրթության Վարչության կողմից ճանաչված Ուսումական հաստատությունների և Քոլեջների արևմտյան ասոցիացիայի կողմից:
Հուլիսի մեկից Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի պրոֆեսոր՝ ՀԱՀ-ի հիմնադիրներից մեկը, Արմեն Տեր Կյուրեղյանը ժամանակավորապես կզբաղեցնի պրոռեկտորի պաշտոնը ՀԱՀ-ում: Դոկտոր Տեր Կյուրեղյանը ճանաչված է համայնքում նաեւ որպես Ճարտարագիտության բաժնի նախկին դեկան: Նա ԱՄՆ-ում Ճարտարագիտական Ազգային ակադեմիայի ընտրված անդամ է և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ: Նախագահ Պողոսյանը իր երախտագիտությունը հայտնեց դոկտոր Տեր Կյուրեղյանին իր բազմամյա նվիրվածության համար, մասնավորապես ընդգծելով նրա հավաստագրման գործընթացում նրա փորձառությունը:
ՀԱՀ-ը մոտակա ժամանակում կսկսի պրոռեկտորի, Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի դեկանի և Գործառնական գծով փոխնախագահի որոնումը:
Համալսարանը իր առաքելության համաձայն նպատակ ունի նշանակալիորեն ընդլայնել իր կրթական գործունեությունը առաջիկա տարիներին, հաղորդել են PanARMENIAN.Net-ին Ամերիկյան համալսարանից։





