Հայ մարդը Հայոց ցեղասպանության մասին պետք է հիշի ու խոսի ոչ միայն ապրիլի 24-ին, հայ ազգի համար այս օրը մեծագույն հարվածի օր է: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողներին է հայտարարել Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա հավաստմամբ, եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, ապա նվազագույն հաշվարկներով ակնհայտ է, որ Հայաստանը կլիներ Մերձավոր Արևելքի մեծագույն երկրներից մեկը, առնվազն 30 մլն բնակչությամբ: «Եթե չլիներ ցեղասպանությունը, Հայաստանի ներկա տարածքը կկազմեր 250 .000 քկմ: Սա ոչ միայն 1.5 մլն հայերի ջարդ էր, այլ հարված մի ամբողջ ժողովրդի: Մենք ունենք ռազմավարական խնդիր` ցեղասպանության հետևանքների վերացում: Ճանաչման մասին խոսելն արդեն երեխայություն է: Հայկական պետությունը պետք է պայքարի ցեղասպանության հետևանքով կրած կորուստների վերականգնման համար», ասաց նա: ԱԻՄ նախագահը նշեց նաև, որ ապրիլի 24-ի գիշերը ձերբակալված, և սպանված մտավորականների թվում եղել է նաև իր պապը:





