AM
4 Մայիս 2011 - 04:36 AMT

Բացօթյա առևտրով զբաղվողները շարունակում են բողոքել. այս անգամ նախագահի նստավայրի մոտ

Մայիսի 4-ին ժամը 16.00-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց` Բաղրամյան փողոցի վրա, տեղի կունենա բողոքի ակցիա` նստացույց, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների կողմից:

Մոտավորապես նույն ժամին այսօր նախատեսված է Հայաստանի և Լիտվայի նախագահների համատեղ մամլո ասուլիսը նախագահի նստավայրում:

Փետրվարի 8-ին Երևան քաղաքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստում քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում անօրինական առևտուր չի լինելու:

Ըստ դեռևս 2004-ին ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի, 2006թ. հունվարի 1-ից Երևանում արգելված է մի շարք ապրանքների փողոցային առևտուրը: Օրինախախտներին սպառնում է 10-20 հազար դրամ տուգանք: Սակայն, օրենքը չի գործում և փողոցային առևտուրը մինչ օրս շարունակվում է:

Ապրիլին Երևանում հինգ փոքր շուկա կբացվի: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մարտի 22-ին` ելույթ ունենալով Հայաստանի Հանրային խորհրդում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր մայրաքաղաքի հիմնախնդիրների քննարկմանը:

Մարտի 3-ին Երևանում տեղի է ունեցել ծեծկռտուք բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց, պատգամավորների և ոստիկանների միջև: Բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ, որոնք արդեն մի քանի շաբաթ բողոքում էին փողոցային առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ, նախատեսել էին մարտի 3-ին ժամը 11:00-ին բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի կառավարության շենքի մոտ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեպքի վայրից, առավոտյան կառավարության շենքը շրջապատվել է հարյուրավոր ոստիկանների կողմից, որոնք թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին խմբվել կառավարության շենքի մոտ:

Ինչպես հաղորդել է Փոստանջյանը, դրա արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք խաղաղ ակտիվիստների և ոստիկանների միջև, որոնք, պատգամավորի խոսքերով, բռնություն են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

«Ծեծկռտուքի հետևանքով տուժել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյնաը, որոնց ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն»,- հաղորդել է Փոստանջյանը: