Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվեց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում: Ընդհանուր առմամբ մասնակցում էր 28 աշակերտԵրևանից, Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերից: Մասնակիցների թվում էին 2010թ. Միջազգային աստղագիտական օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ Վիրաբ Գևորգյանը, Արամ Մկրտչյանը և Վահան Ասլանյանը:Ժյուրիի նախագահն էր աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանը, իսկ մյուս անդամներն էին Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ Մարիետա Գյուլզադյանը, Արարատ Եղիկյանը և Արեգ Միքայելյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս Էմիլիա Կարապետյանը, Հայկական մանկավարժական համալսարանի դասախոս Սերգեյ Ներսիսյանը, ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանը և 2004թ. Միջազգային օլիմպիադայի հաղթող, ԵՊՀ մագիստրատուրայի ուսանող և Քվանտ վարժարանի ուսուցիչ Տիգրան Նազարյանը:
Մասնակիցները աստղադիտարան այցելեցին մայիսի 4-6-ին, որտեղ մայիսի 5-ին անցկացվեց բուն օլիմպիադան: Ծրագրի շրջանակներում աշակերտները նաև ծանոթացան աստղադիտարանին, այցելեցին խոշորագույն` 2.6մ, դիտակ և Վ.Հ. Համբարձումյանի տուն-թանգարան, տեղի ունեցան հանդիպումներ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Էլմա Պարսամյանի և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի հետ:
Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր ոլորտային աստղագիտությունից, աստղաչափությունից, երկնային մեխանիկայից և ճառագայթման տեսությունից: Մասնակիցները դրսևորեցին բավական խորը գիտելիքներ և ցուցաբերեցին բարձր արդյունքներ: Սակայն միաժամանակ ժյուրին նշում է, որ մասնակիցների գրավորների մեջ առկա էր անփութությունը և թվային հաշվարկների անճշտությունները, համատարած նկատվում էր նշանակումների, գծագրերի, խնդրի լուծման հերթական քայլերի բացատրությունների և պատասխանների հիմնավորումների բացակայություն: Արդյունքում առաջին կարգի դիպլոմի արժանացավ 5 աշակերտ (Արամ Մկրտչյան, Վարդան Ավետիսյան, Վահան Ասլանյան, Վիրաբ Գևորգյան, Հովսեփ Հարությունյան), երկրորդ կարգի` 3 (Կարեն Համբարձումյան, Վարդգես Մամբրեյան, Լևոն Ստեփանյան), երրորդ կարգի` 4 (Նարեկ Հովսեփյան, Թագուհի Ասատրյան, Հայկ Անդրիասյան, Հրաչյա Դավթյան), իսկ գովասանագրի` 5 (Ռոբերտ Թամարյան, Սեդրակ Գևորգյան, Վաչագան Զաքարյան, Գոռ Ղարիբյան, Հրաչյա Քոչարյան): Թիմային հաշվարկով լավագույներն էին Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոցը, Քվանտ վարժարանը և Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը: Իրենց լավ դրսևորեցին նաև Կոտայքի մարզի ներկայացուցիչները:
Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա սեպտեմբերի 22-30-ին Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում: Որպես 2010թ. միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ`Արամ Մկրտչյանը, Վահան Ասլանյանը և Վիրաբ Գևորգյանը մասնակցելու են նաև այս տարվա օլիմպիադային: Բացի այդ, ժյուրիի որոշմամբ, լրացուցիչ ընտրական փուլում ևս 5 մասնակից կընտրվի հանրապետական օլիմպիադայի մյուս 9 մրցանակակիրներից:Հիշեցնենք, որ հայ օլիմպիականները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 6 ոսկե, 4 արծաթե և 10 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկըօլիմպիադաների 15-ամյա պատմության ընթացքում:





