AM
6 Մայիս 2011 - 08:04 AMT

Կառավարությունը կարևորում է Ջրօգտագործողների ընկերությունների թափանցիկ գործելաոճը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր անցկացվեց խորհրդակցություն` Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ի ղեկավարների, ՏԿ փոխնախարար Ա. Բախշյանի մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվեցին ՋՕԸ-երի գործունեության հետ կապված հարցեր: Փոխվարչապետն ընդգծեց ՋՕԸ-երի թափանցիկ, հանրության համար հասանելի գործելաոճը: Նա կարեւորեց ՋՕԸ-երի կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը` անթույլատրելի համարելով, որ դրանց աշխատանքը ձեւական բնույթ կրի:

Հաշվի առնելով, որ ՋՕԸ-երն ինքնակառավարվող մարմիններ են, Ա.Գեւորգյանը մեկ անգամ եւս շեշտեց հանրության ներկայացուցիչների առավել ակտիվ մասնակցությունը դրանց կառավարման գործընթացին, ինչին անդրադարձել էր նաեւ ապրիլի 27-ին «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի` ՋՕԸ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ:

Փոխվարչապետը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց առաջիկայում անձամբ մասնակցել ՋՕԸ-երի կառավարման խորհրդի նիստերին` վերոնշյալ խնդիրները նաեւ համայնքապետերի, շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ քննարկելու համար:

Անդրադարձ եղավ նաեւ «Վեդի» ՋՕԸ-ի գործունեության վերաբերյալ բնակիչներից, ԱԺ պատգամավորներից ստացված դժգոհություններին, ինչպես նաեւ մամուլի հրապարակումներին: Ա. Գեւորգյանը տարածքային կառավարաման փոխնախարար Ա. Բախշյանին հանձնարարեց Ջրտնտպետկոմի, ԾԻԳ-ի, մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծել վերոնշյալ ՋՕԸ-ում ուսումնասիրություններ կատարելու համար եւ յոթնօրյա ժամկետում ներկայացնել դրանց արդյունքները, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: