AM
16 Մայիս 2011 - 09:20 AMT

Ճարտարապետներն ահազանգում են`հրապարակում կառուցվելիք աշտարակը կաղավաղի Թամանյանի նախագիծը

Երևանի Հանրապետության հրապարակում տուֆակերտ աշտարակի կառուցումը ամբողջությամբ կաղավաղի Ալեքսանդր Թամանյանի նախագծած հատակագիծը, ահազանգում են ճարտարապետները: Ինչպես Երևանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, աշտարակի կառուցման նախագծի շուրջ իրենց հետ քննարկումներ ընդհանրապես չեն անցկացվել: «Այդքան կարևոր շենքի կառուցման վերաբերյալ որոշումը կայացվել է առանց հասարակական և մասնագիտական քննարկումներ անցկացնելու: Չի կարող պատահել, որ մեր քաղաքացիներն անտարբեր լինեն այդ շենքի կառուցման հարցին: Նման խնդիրները չեն լուծվում կաբինետներում: Քաղաքաշինական խորհրդում այս նախագիծը ևս չի քննարկվել»,- հայտնեց Մինասյանը:

Ըստ ճարտարապետ Լևոն Վարդանյանի, նախքան քաղաքաշինական նախագիծ իրականացնելը անհրաժեշտ է ուղղորդվել օրենսդրական դաշտով, ինչը տեղի չի ունեցել: «Կառավարության շենքի ծավալն ավելացնելն ինքին Թամանյանի նախագիծն է, և Կառավարության շենքը մինչև այսօր կիսատ է մնացել: Այդ շենքին մենք պետք է մոտենանք այնպես, որ մի միլիմետրի շեղում անգամ տեղի չունենա: Կառավարության շենքը Հանրապետության հրապարակի հիմնաքարն է, և քանի դեռ հրապարակի բոլոր ծավալատարածական լուծումները, ընդհանուր կոնցեպցիան մծակված չէ, միջամտություն անելն անթույլատրելի է»,- ասաց ճարտարապետը: Նրա խոսքով, կա Թամանյանի նախագիծ և այն պետք է իրականացվի համաձայն այդ նախագծի: «Վերցրել են ու իմպրովիզացիա են անում Թամանյանի նախագիծը»,- հավելում է Լևոն Վարդանյանը:

Ճարտարապետների միության նախագահն ընդգծում է, որ իրենք դեմ են «Թամանյանի նախագծի աղավաղմանը»: «Կառավարության որոշման մեջ գրված է, որ այդտեղ կառուցվելու է բարձրահարկ վարչական շենք, որտեղ պետք է տեղակայվեն 2 նախարարություններ` Սփյուռքի և Արդարադատության: Եթե նման ծրագիր կա, ապա Թամանյանի նախագծի աղավաղումը անխուսափելի է: Այսինքն ծրագիրը պետք է փոխվի»,- նշեց Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, քննարկումներն այդ նախագծի շուրջ կօգնեին խուսափել ճարտարապետական հետագա սխալներից:

Համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջում տեղդրված հաղորդագրության համաձայն, շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ եւ շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակը։ Համաձայն տեղեկատվության, ծրագրվում է շինարարությունը մեծ թափով սկսել արդեն 3 ամսից։ Նախագծի նախահաշվայինարժեքը շուրջ 10 միլիոն դոլար է: