AM
17 Մայիս 2011 - 05:11 AMT

Վազգեն Խաչիկյանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու

Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների մասով ՀՀ վերահսկիչ պալատի կողմից գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվելու, հայտնում է «Հրապարակը»: Այդ նյութերի հիման վրա պարզ է դառնում, կենսաթոշակներ էին վճարվել մեծ թվով մահացած անձանց: Թերթի տեղեկություններով քննության ընթացքում հնարավոր է մեղադրանքներ առաջադրվեն ծառայության նախկին պետ` Վազգեն Խաչիկյանին, և տարածքային մասնաճյուղերի ղեկավարներին:

Մայիսի 12-ին Ազգային ժողովում խոսք էր գնացել սոցիալական ապահովության պետական ծառայության և դրա նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մասին: Վերահսկիչ պալատի նախագահն իր հաշվետվության մեջ անդրադարձել է հիմնադրամում հայտնաբերված խախտումներին և դրանց արդյունքում դատախազություն ուղարկված նյութերին:

Թերթի աղբյուրը պատմում է, որ իր պաշտոնավարած շրջանում Խաչիկյանը հաճախ էր մեկնում Վրաստան` հանգստանալու և զվարճանալու: Կերուխումերից մեկի ժամանակ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը վտանգավոր հայտարարություններ է արել, այդ թվում նշելով որոշ պաշտոնյաների անուններ: Այդ հայտարարությունները տեսագրվել ու ձայնագրվել են, ապա հայտնվել համապատասխան պաշտոնյաների սեղաններին:

Թերթի տեղեկություններով, վերջին օրերին Խաչիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է, սակայն ասում են` այս անգամ հոգեկան առողջության մասին է խոսքը: Նրա հետ կապվել չի հաջողվում անգամ ընկերներին: