AM
3 Հունիս 2011 - 07:30 AMT

Հունիսի 2-ին ուժեղ քամին Կոտայքի մարզում տանիքներ է պոկել, Երևանում ծառեր շրջել

Հունիսի 2-ին երեկոյան ժամերին հանրապետության տարբեր շրջաններում ուժեղ քամու պատճառով մի շարք արտակարգ միջադեպեր են տեղի ունեցել: Այսպես ժամը 18.00-ին մոտ ուժեղ քամու հետևանքով պոկվել և շուռ են եկել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ վնասվել է տանիքը`300 քմ մակերեսով , որից 200 քմ-ն հրշեջ-փրկարարների ուժերով ապամոնտաժվել է: Պարզվել է, որ վնասվել են նաև թիվ 5 և 2 միջնակարդ դպրոցների, 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի տանիքները և պոկվել են հաստոցաշինական գործարանի հանրակացարանի տանիքում տեղադրված 3 ալեհավաք:

Օպերատիվ խումբը և մարտական հաշվարկը մեկնել են նշված հասցեներով. հրշեջ-փրկարարների ուժերով ապամոնտաժվել են թիվ 5 դպրոցի տանիքից՝ 40, թիվ 2 դպրոցի տանիքից՝ 25 քմ մակերեսով երկաթյա թիթեղներ, թիվ 24 շենքի ճաղավանդակը` 4,5 քմ մակերեսով և հաստոցաշինական գործարանի հանրակացարանի տանիքում տեղադրված 3 ալեհավաք:

Նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով, վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Աթաբեկյան փողոցի թվով 10 սեփական տների տանիքները:Վնասի չափերը ճշտվում են:Դեպքի մասին տեղեկացվել է Վարդենիսի քաղաքապետը:

Ավելի ուշ ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում` ՛՛Լիդեր՛՛ խանութի հարակից տարածքում ծառ է շրջվել և ընկել հարակից բնակելի տնակի և ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ 14մ բարձրությամբ չորացած բարդին շրջվել է Մ.Խաչատրյանին պատկանող թիվ 158/344 տնակի վրա, որից մի հատված պոկվել և ընկել է հարակից կայանված ՛՛Մոսկվիչ ԻԺ-412՛՛ մակնիշի 19 ՏՏ 960 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա` ջարդելով դիմապակին և վնասվելով թափքը:

Իսկ ժամը 23.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով, Երևանի պետական համալսարանի բակում ծառ է շրջվել` վնասելով անցորդներ`1967թ.-ին ծնված Սամվել Դանիելյանին,1969թ.-ին ծնված Գայանե Դանիելյանին և 1999թ.-ին ծնված Սոնա Դանիելյանին:

Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց,որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել: