Հունիսի 12-ին «Նարեկացի» արվեստի միության Երևանի կենտրոնում կկայանա դուդուկի համերգ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում հնչելու են հեղինակային ստեղծագործությունների մի շարք պրեմիերաներ և ժողովրդական երաժշտության նոր մշակումներ: Դուդուկահարին նվագակցելու են ժողովրդական երաժշտության վարպետ-երաժիշտներ: Ելույթ է ունենալու նաև անվանի Գուրգեն Դաբաղյանը: Առաջին անգամ է, որ մեկ համերգի շրջանակներում Էմմանուել Հովհաննիսյանը նվագելու է տարբեր ժանրերում` աշուղական, ժողովրդական, ջազային: Հնչելու են նաև հայ մեծ փիլիսոփա և կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությունների եզակի կատարումներ:
Համերգին մասնակցելու են «Կատուներ» խմբի անդամ, «Վան» ժողնվագարանների համույթի ղեկավար Նարայր Քարտաշյանը, «Art Voices» ջազ սեքստետի համահիմնադիր, դաշնակահար Մանուկ Ղազարյանը, «Art Voices» ջազ սեքստետի անդամ, բլուլահար Ավագ Մարգարյանը, Առնո Բաբաջանյանի անվան ուսումնարանի դասախոս, ազգային ժողնվագարանների համույթի քանոնահարուհի Շուշան Սաղաթելյանը,Արամ Մերանգուլյանի անվան ժողնվագարանների համույթի ուդահար Արամ Նիկողոսյանը, Հայաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելգիայում և այլ երկրներում բազմաթիվ մենահամերգներով հանդես եկած աշուղական ժողովրդական երգերի մենակատար Գուրգեն Դաբաղյանը և «Սայաթ-Նովա» աշուղական համույթի թարահար Արտակ Դավթյանը:
Էմմանուել Հովհաննիսյանը Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախմբի առաջին դուդուկահարն է, դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, բազմաթիվ համերգներով հանդես է եկել Եվրոպայի տարբեր երկրներում:





