AM
16 Հունիս 2011 - 05:10 AMT

Նիկոլ Փաշինյանը պահանջում է վերադարձնել իր օրագիրը

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին հատուկ գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին պահանջելով վերադարձնել «Արթիկ» ՔԿՀ-ում եղած ժամանակ իրենից առգրավված օրագիրը և մի շարք նամակներ ու գրություններ: Ինչպես նշում է Փաշինյանը իր նամակում, նա 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի մայիս «Արթիկ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչներին է հանձնել ծրարված, նամականիշավորված նամակներ` ըստ հասցեի ուղարկելու համար: Ըստ «ՀԺ» գլխավոր խմբագրի, այդ նամակներից 33-ը մինչ օրս չեն հասել հասցեատերերին:

«Բացի այս` ս/թ փետրվարի 24-ին իմ խցում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում առգրավվել են ինձ մոտ եղած բոլոր գրենական պիտույքները` թուղթ, գրիչ, նամականիշ, ծրար, ինչպես նաև «Արթիկ» ՔԿՀ-ում վարած օրագիրը, որտեղ ես մանրամասն նկարագրել եմ իմ նամակագրությունը խոչընդոտելու բոլոր հանգամանքները, դրանում ներգրավված բոլոր անձանց, նրանց հետ ունեցած իմ զրույցները, և իմ նկատմամբ իրականացրած ապօրինությունները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը գրությունում:

Իր գրությունով նախկին քաղբանտարկյալը պահանջում է վերադարձնել իրենից ապօրինաբար վերցված բոլոր առարկաները, և նշում է , որ պատրաստվում է հրապարակել իր օրագիրը, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: