AM
21 Հունիս 2011 - 05:22 AMT

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հանձնախմբին

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 13-րդ համաժողովի ծիսական հարցերով նախապատրաստող հանձնախմբի անդամներին, ովքեր հունիս 18-21-ը իրենց հերթական ժողովն են անցկացնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Նորին Սրբությունը ողջունեց ժողովի մասնակիցներին և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն, երկրին ու հայ ժողովրդի կյանքին, այլ և իրենց ներկայությամբ և ջանքերով հարստացնում են մեր մշակույթը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությանը, ինչպես նաև Քույր եկեղեցիների հետ ջերմ փոխհարաբերություններին: Իրենց հերթին հանձնախմբի անդամները շնորհակալություն հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվելու հնարավորության համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ԵՀԽ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպումից հետո հյուրերը Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: