«Ես ոչ մի ակնկալիք չունեմ Կազանում հունիսի 25-ին կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի ազատագրման գործողության հեղինակ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, ամեն անգամ նման հանդիպումներից հայկական կողմն առաջընթաց է ակնկալում, սակայն «նախագահների հանդիպումների արդյունքները միշտ բացասական են լինում հայկական կողմի համար»: Որպես օրինակ Տեր-Թադևոսյանը ներկայացրեց այն հանգամանքը, որ իր հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են հանդես գալ ադրբեջանամետ դիրքորոշումից՝ անվանելով Ստեփանակերտը Խանքենդի: Կոմանդոսը նաև չի բացառել, որ Կազանի բանակցությունների արդյունքում կարող է մի փաստաթուղթ ստորագրվել, որտեղ Հայաստանը պատրաստակամություն կհայտնի հանձնել ազատագրված տարածքները:
Նա նշել է, որ Ադրբեջանի տնտեսական գործոնի պատճառով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անսկզբունքային դիրքորոշում են որդեգրել: Ըստ նրա, դա դրևորվում է նրանում, որ համանախագահները չեն փորձում պարզել ղարաբաղյան խնդրի առաջացման պատճառները:
Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ Արակդի Տեր-Թադևոսյանը սահմանափակվել է մեկ արտահայտությամբ. ով սրով գա՝ սրից էլ կզոհվի:





