ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն ու ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը դեռևս չեն դարձել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ: Փոխարենը, ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ»-ը կուսակցությանն արդեն անդամագրվել է Արարատ Զուրաբյանը: Այդ մասին թերթին հայտնել է կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Հունիսի 16-ին կայացավ ՀՀՇ վարչության նիստը, որի ընթացքում ՀՀՇ վարչությունը լսեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի` ՀՀՇ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Արդյունքում կուսակցության վարչությունը որոշեց հարգել Արարատ Զուրաբյանի դիմումը և ընդունել նրա հրաժարականը: Արարատ Զուրաբյանը մնում է վարչության անդամ:
Բացի դրանից, նկատի ունենալով, որ վարչության նախորդ նիստում ընդունվել է նաև ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի դիմումը վարչության անդամությունից և փոխնախագահի պաշտոնից դուրս գալու մասին, մինչև առաջիկա համագումարը, համաձայն ՀՀՇ Կանոնադրության, վարչության աշխատանքների համակարգման պարտականությունը դնել վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա, հաղորդում է ՀՀՇ լրատվական ծառայությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հիմնել է Խաչատուր Քոքոբելյանը:





