AM
19 Հուլիս 2011 - 13:52 AMT

Կառավարությունն աշխատում է Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքի բարելավման ուղղությամբ

Այսօր ՀՀ կառավարությունում օրվա երկրորդ կեսին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011 թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, բնապահպանության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարները: Նրանք ներկայացրել են գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:

Մասնավորապես առողջապահության նախարարության 2011 թ. գերակա խնդիրներն են` 2011թ. համավճարի համակարգի ներդրում անհետաձգելի ֆինանսավորման կարգի հաստատումը և ներդրումը, շտապ բժշկական օգնության և սպասարկման հայեցակարգի ներդրումը, ասել է նախարար Հարություն Քուշկյանը:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներկայացրել է 2011 թ. գերակա խնդիրները, որոնք են` բնակարանային ապահովումը աղետի գոտւոմ, , քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի օրենսդրության կատարելագործումը, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգումը, Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը:

Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն անդրադարձել է Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների և Հյուսիս-հարավ նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպման:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ստեղծման և վերազինման, տարածաշրջանային ինտեգրացման և համակարգի տեխնիկական վերազինման, ատոմային էնեգետիկայի զարգացման, ինչպես նաև Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի և նավթամթերքների տերմինալի կառուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով չկատարված միջոցառումների վրա` վարչապետը հանձնարարել է դրանք ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում: