Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի այսօր տարածած հայտարարության:
“ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 22.08.2011թ. իր պատասխանում խեղաթյուրել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 19.08.2011թ. տարածած հայտարարության բովանդակությունը, ըստ էության, ապատեղեկատվություն է համարել միջազգային փաստաթղթերի պահանջները և Սահմանադրական դատարանի որոշումից մեջբերումները: Ելնելով վերոգրյալից` Մարդու իրավունքների պաշտպանին խորհուրդ ենք տալիս արդարանալու փոխարեն գործել իր լիազորությունների շրջանակներում` հաշվի առնելով միջազգային փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության պահանջները”,- ասվում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Օգոստոսի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին, քանի որ պաշտպանի գնահատմամբ, դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը և Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ: Ի պատասխան օգոստոսի 19-ին ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հայտարարել էր, որ ՄԻՊ-ը խախտել է կարգապահական վարույթի գաղտնիությունը, նշել, որ դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը: Մարդու իրավունքների պաշտպանը այսօր ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ ՄԻՊ-ի կողմից կարգապահական վարույթի գաղտնիության խախտում չի եղել:





