AM
29 Օգոստոս 2011 - 13:19 AMT

Քաղաքապետարանը նախատեսում է 50 տոկոսով կրճատել շահագործվող միկրոավտոբուսների թիվը

(?)Ե՞րբ են ներկրվելու չինական 400 ավտոբուսները:

(!)Չինական արտադրության ավտոբուսները Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու բանակցությունների առաջին փուլն ավարտված է և ըստ այդմ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Երևան կներկրվեն թվով 66 ավտոբուսներ: Ներկրելու պայմանագիրը ստորագրել ենք շաբաթ օրը: Սեպտեմբերի 5-ին Զարգացման վարչության պետի տեղակալ Արթուր Խաչատուրյանի հետ միասին կգնանք Չինաստան, որպեսզի շարունակենք բանակցությունները: Մեր գլխավոր խնդիրը էժան վարկային կազմակերպություն գտնելն է, որպեսզի քաղաքապետարանը կամ տնտեսարող սուբյեկտները հնարավորություն ունենան շահավետ պայմաններով և ցածր տոկոսադրույքով գնել անհրաժեշտ 400 ավտոբուսները: Բացի դա, ունենք ևս 170 ավտոբուս` որպես նվիրատվություն Չինաստանի կողմից, որոնք կներկրվեն մինչև 2012 թվականի հունիս:

(?)Ե՞րբ են ներկրվելու ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի ավտոբուսները: «Ուկրավտո» կորպորացիայի քանի՞ ավտոբուս է ներկրվելու:

(!)Ինչ վերաբերում է ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի արտադրած միջին տեղատարողության ավտոբուսների հնարավոր ներկրման հարցին, ապա տեղեկացնում ենք, որ 16.08.2011թ. Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել, համաձայն որի առաջիկայում տվյալ ընկերությունը կներկայացնի իր առաջարկների փաթեթը, որի քննարկումից հետո միայն հստակ կլինի, թե որքան ու ինչ ժամկետներում կներկրվեն տվյալ մակնիշի ավտոբուսներ:

(?)Հարմարեցվա՞ծ են արդյոք ավտոբուսները հաշմանդամների երթևեկության համար:

(!)Ավտոբուսները հաշմանդամների երթևեկին հարմարեցնելու հետ կապված տեղեկացնում ենք, որ մասնավորապես չինական կողմի հետ բանակցությունների շրջանակում մեր կողմից առաջարկ է ներկայացվել որոշ ավտոբուսներ հաշմանդամներին հարմարացնելու վերաբերյալ։

(?)Ե՞րբ են երթուղիներից վերջնականապես դուրս գալու ՌԱՖ մակնիշի երթուղային տաքսիները:

(!)«Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսները փոխարինման գործընթացի արդյունքում աստիճանաբար դուրս են բերվում շահագործումից։ Նոր մրցույթների անցկացման ժամանակ տվյալ մակնիշի միկրոավտոբուներն ի սպառ դուրս կմնան ուղևորափոխադրումների ոլորտից։

(?)Ավտոբուսների ներկրման արդյունքում քանի՞ երթուղային տաքսի դուրս կգա երթուղիներից:

(!)Ավտոբուսների ներկրման արդյունքում նախատեսվում է կրճատել այսօր երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների մոտ 50%-ը։