AM
2 Սեպտեմբեր 2011 - 07:49 AMT

Հրատարակվել է «Հոգևոր ընթերցումներ» շարքի 15-րդ հատորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգևոր ընթերցումներ» շարքի 15-րդ հատորը` Սուրբ Ներսես Շնորհալու «ԺԲ դար, Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններ» նամականին, որը գրաբարից աշխարհաբար է թարգմանել Սեդա Ստամբոլցյանը: Մայր Աթոռից տեղեկացնում են, որ միջնադարյան այս նամականին բաղկացած է երկու մասից և ներկայացնում է ԺԲ դարի այն ժամանակաշրջանը, որում գործել են հայոց կաթողիկոսներ Գրիգորիս Գ-ը, Ներսես Շնորհալին և Գրիգորիս Դ-ը:

Առաջին մասը, որի կազմողն ու նամակները նախաբանով ու ծանոթագրական պատմություններով ուղեկցողը Ներսես Լամբրոնացին է, բովանդակում է Հայ և Բյուզանդական եկեղեցիների միջև 1165-1178թթ. շրջանում ձեռնարկված միության փորձին առընչվող վավերագրեր, իսկ երկրորդ մասը ներկայացնում է բացառապես սբ. Ներսես Շնորհալու նամակները` գրված տարբեր անձանց ու այլևայլ առիթներով: Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: