ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) խորհրդի քարտուղար, համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը այսօր խորհրդի բոլոր 32 անդամներին է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթին առաջադրված ռեկտորի պաշտոնի հավակնորդ միակ թեկնածուի` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանի կենսագրական և աշխատանքային տվյալները։ Նա նշել է, որ դրանք լիովին համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ և ՀՊՃՀ կանոնադրությամբ սահմանված ռեկտորի պաշտոնին ներկայացվող պահանջներին:
Դրան հաջորդել է Ա. Ավետիսյանի ծրագրային ելույթը, որում նա ներկայացրել է բուհի զարգացման և բարեփոխումների ծրագրի իր հայեցակարգը: Ներկայացված ծրագրի և ռեկտորի թեկնածության վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը մասնակցած Խորհրդի մի շարք անդամներ արտահայտվել են դրականորեն` կոչ անելով Խորհրդի անդամներին պաշտպանել թեկնածությունը: Գաղտնի փակ քվեարկությամբ` 30 «կողմ», 1 «դեմ», Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել պրոֆեսոր Արա Սերգեյի Ավետիսյանը:





