«Խոսքի իրավունք» միավորումը իր մտահոգությունն է հայտնում հայկական հեռուստաեթերում սուրդոթարգմանությանբ հաղորդումների բացակայության վերաբերյալ։ «ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ստանալ տեղեկատվություն: Այդ հարցում նա չպետք է ունենա խանգարող հանգամանքներ: Ֆիզիկական խնդիրները նույնպես չպետք է խանգարեն: Բայց այսօր, օրինակ` լսողության խնդիր ունեցող մարդիկ մեր երկրում զրկված են հեռուստատեսության միջոցով տեղեկատվություն ստանալու իրավունքից»,- նշվում է միավորման տարածած հաղորդագրության մեջ։
Անկախության 20-ամյակի առիթով հռչակված «Հայաստանը դու ես» կարգախոսը ենթադրում է, որ քաղաքացին պետք է ծառայի իր պետությանը, պետությունն էլ պետք է ապահովի քաղաքացու լիարժեքության զգացողությունը: Միավորումը գրում է, որ այդ հարցում պետք է օգնեն նաև ԶԼՄ-ները: «Խոսքի իրավունք»-ը գտնում է, որ կոպտորեն ոտնահարվում են հասարակության մի հատվածի իրավունքները. և մարդիկ չեն զգում,որ Հայաստանը իրենք են. «Հեռուստաընկերությունների ղեկավարները պետք է անհապաղ ձեռնարկեն այս գործը: Գոնե լրատվական ծրագրերը պետք է մատչելի լինեն բոլորին»:





