Ազգային ժողովում Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կողմ է իշխանություն-ընդդիմություն երկխոսության վերսկմանը: Այդ մասին նա հայտնել է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: «Ես հակված եմ, որ սկսենք: Ես ինքս չեմ իմանում՝ իշխանության մյուս ներկայացուցիչներն ուղղակիորեն այս գործընթացի մասին ինչ կարծիք ունեն, բայց ես հակված եմ, որ, այո, երկխոսությունը շարունակվի»,- ասել է նա:
Նա նաև իր խոսքում նշել է, որ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը չի կարող համարվել քաղբանտարկյալ, քանզի դա ավելի մեծ կարգավիճակ է, քան վերջինս ունի՝ լինելով պարզապես ձերբակալված ակտիվիստ: «Ես ինքս էլ, օրինակ, ունենալով ընդգծված հարգանք ՀԱԿ ներկայացուցիչների նկատմամբ, հասկանում եմ, որ իրենք էլ երևի մտածում են, որ Տիգրան Առաքելյանի գործոնը այն գործոնը չէ, որ պետք է դրանով խափանվեր, կասեցվեր, առկախվեր այս գործընթացը»,- նշել է պատգամավորը:
ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:
Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:





