AM
8 Սեպտեմբեր 2011 - 07:01 AMT

Երիտասարդը անզգուշաբար սպանել է 35-ամյա Հակոբ Գրիգորյանին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, գանգուղեղի վնասվածքով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա Հակոբ Գրիգորյանը: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նրա հարազատները հայտնել են՝ Ակնալիճ գյուղի մոտ Հ. Գրիգորյանը գյուղմթերք վաճառելու ժամանակ իր ավտոմեքենայի թափքից բանջարեղենի արկղն իջեցնելիս անզգուշաբար վայր է ընկել և գլխով հարվածելով գետնին` կորցրել գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Հ. Գրիգորյանը վիրահատությունից հետո գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված վայրում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Հ. Գրիգորյանին հարվածել է նախկինում դատապարտված, 21-ամյա մի երիտասարդ, ինչի հետևանքով Հ. Գրիգորյանը վայր է ընկել և ստացել վնասվածքները: Բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է բաժին: Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: