ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 8 – ին ընդունել է «Աջակցություն Հայաստանում բրուցելոզի վերահսկմանը» ծրագիրն ուսումնասիրող եռակողմ առաքելությանը: Նախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծել է ծրագրի կարևորությունը, գոհունակություն հայտնել ՄԱԿ – ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը բրուցելոզի վերահսկման ծրագրի իրականացման կապակցությամբ ու շնորհակալություն հայտնել Իտալիայի կառավարությանը ֆինանսական օժանդակության համար: Սերգո Կարապետյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը` Հայաստանում բրուցելոզի վերահսկումը, լիովին համապատասխանում է մեր երկրի կառավարության զարգացման նպատակներին` կաևորելով վերջինի շարունակականությունը:Այս առումով նա առաջարկել է քննարկել դոնոր կազմակերպությունների միջոցով «Աջակցություն Հայաստանում բրուցելոզի վերահսկմանը» ծրագրի շարունակման համար ֆինանսական միջոցներ ուղղելու հնարավորությունը:
Ծրագրի միջոցով պատշաճ ուսուցում է կազմակերպվել 2009-2011թթ. Սյունիքի մարզում բրուցելոզի վերահսկման ծրագիր-գործողությունների պլանի շրջանակներում: Պատվաստման ծրագրի մեջ ներգրավված բոլոր անասնաբույժները վերապարտաստվել են, մշակվել են հանրային իրազեկման նյութեր և լայնորեն տարածվել` նպաստելով հիվանդության վերահսկման մասին գիտելիքների բարձրացմանը:
Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պրն. Պաոլո Բոնիսսոնեն շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին Իտալիայի կառավարության կողմից ստացված աջակցությունը բարձր գնահատելու համար և հույս է հայտնել, որ հայ – իտակալան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում կկրի շարունակական բնույթ:





