AM
9 Սեպտեմբեր 2011 - 09:01 AMT

Սեպտեմբերի 11-ին Առաքելական եկեղեցին կտոնի Խաչվերացը

Սեպտեմբերի 11-ին կնշվի Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը: Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: «Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին»,- ասվում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուսը խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: Ընդ որում «հին» և «նոր» հանգուցյալներ հացկացողություն գոյություն չունի: Բոլոր ննջեցյալների շիրիմներին այցելում են նույն օրը` Մեռելոցին: