AM
9 Սեպտեմբեր 2011 - 09:54 AMT

Արման Մելիքյանը գտնում է, որ առնվազն առաջիկա մեկ տարում Ղարաբաղում պատերազմ չի լինի

Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը հարկավոր է կապել տարածաշրջան արտաքին աշխարհից եկող ազդանշանների հետ, այդ խնդրի հանդեպ արտաքին ուժերի վերաբերմունքի փոփոխության հետ: «Առաջիկա մեկ տարում Ղարաբաղում պատերազմի վերսկսման հեռանկար ես չեմ տեսնում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Նա ընդգծել է, որ «այսօր ղարաբաղյան հակամարտության վերահսկողոությունը ոչ Հայաստանի ձեռքում է, ոչ Ադրբեջանի, ոչ էլ նույնիսկ Արցախի»: Մելիքյանը հավելել է, որ ըստ էության ղարաբաղյան հակամարտությունը կառավարում է, ու վերահսկվում է արտատարածաշրջանային ուժերի կողմից. «այդ առումով և Թեհրանը, և Բաքուն, և Ստեփանակերտը, անշուշտ ավելի նվազ չափով, ստիպված են հաշվի առնել այն մոտեցումները, որ թելադրվում են նրանց Մոսկվայից, Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Փարիզից»:

Մելիքյանն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների, այդ թվում նաև պատերազմի: Նա նշել է, որ Հայաստանն այժմ ինքնուրույն արտաքին քաղաքականություն չունի: «Գուցե դա առավել անվտանգ տարբերակն է գործող իշխանությունների համար, սակայն, ես չեմ կարծում, որ դա ամենաօգտակարն է երկրի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ հարկավոր է վարել առավել ակտիվ ու անկախ արտաքին քաղաքականություն: