AM
14 Սեպտեմբեր 2011 - 11:53 AMT

Իրավաբան. Կրոնի մասին նոր օրենքը կխորացնի հասարակության պառակտումը

«Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը էլ ավելի կխորացնի հասարակության տարբեր շերտերի ու հատվածների միջև առկա հակասությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը՝ հավելելով, որ նոր նախագծում օգտագործվում են անորոշ արտահայտություններ, իրավաբանորեն ոչ ճշգրիտ տերմիններ։

«Հասարակական անվտանգություն, այլոց իրավունքների պաշտպանություն… դրանք իրավաբանական եզրույթներ չեն։ Հոգևորսություն կամ ոչ պատշաճ դավանափոխություն. ի՞նչ ասել է սա։ Սա չի կարող սահմանվել օրենքով, քանի որ իրավաբանական սահմանում չէ»,- նշեց բանախոսը և հավելեց, որ արդեն այս շաբաթ օրինագծի հետ կապված առարկությունները կներկայացվեն ԱԺ նախագահին։

Նախագիծն ուսումնասիրելով՝ սոցիալական մանկավարժ, հոգեբան Արմինե Դավթյանը հանգել է այն եզրակացության, որ իր մանկավարժական գործունեությունը նույնպես կարող է դիտվել որպես հոգևորսություն. «Սահմանումը թերի է։ Ցանկացած հասարակական գործունեություն կարող է դիտվել որպես հոգևորսություն»։

Ասուլիսի մյուս բանախոս «Խաչակիր» ՀԿ խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի կարծիքով՝ ԽՍՀՄ տարիներին տիրող աթեիզմի մթնոլորտը դատարկել է մեր հոգիները, և պարարտ հող է ստեղծվել հոգևորսների համար։

«Մեր Հայ Առաքելական եկեղեցուն պետք է պաշտպանել, դա միանշանակ է։ Թող չորսան, չեն էլ պատժվի։ Ինչո՞ւ կաթոլիկ ու Վրաց եկեղեցիները չեն դժգոհում հոգևորսության դեմ։ Իրենք պարզապես հոգևորսությամբ չեն զբաղվում»,- ասաց Սարուխանյանը։

Հոգեբանը նշեց, որ հոգևորսության զոհ դառնալը կամ դիմադրելը մարդու կամքի խնդիր է, և պետք չէ նրան խանգարել ընտրություն կատարել. «Այս պայքարը անհատի խնդիր է»։ Իսկ իրավաբանը հավելեց, որ նոր օրինագիծը չի պաշտպանում ոչ մեկին՝ ոչ դուռը թակող աղանդավորին, ոչ էլ դուռը բացողին ու նրան ներս հրավիրողին։