«Եհովայի վկաները» չեն դրդում ինքնասպանության ու սպանության։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր երկու երեխաներին խեղդամահ արած Ռոզա Ալոյանի դեպքին, հայտարարել է հոգեբան, մանկավարժ Արմինե Դավթյանը։ Նա նշեց, որ մանրամասն ուսումնասիրել է «Եհովայի վկաների» կանոնագիրքը, ըստ որի նրանք դեմ են «անգամ աբորտին»։
«Որքան ես տեղյակ եմ, աշխարհում կան 3 մլն Եհովայի վկաներ։ Որքանո՞վ է ճիշտ մեր այն դատողությունը, որ այդ կազմակերպությունը կարող է դրդել ինքնասպանության, եթե չի խրախուսում աբորտն անգամ։ Կյանքի ցանկացած ոլորտներում, կազմակերպություններում լինում են անկայուն հոգեբանությամբ մարդիկ, որոնք կարող են դրսևորել ոչ ստանդարտ վարքագիծ։ Սա պետք է դեռ հիմնավորել՝ որքանով է կազմակերպությունը դրդել դրան»,- ասաց հոգեբանը։
Նա նաև նշեց, որ ոչ մի վտանգ չի տեսնում Հայաստանում ակտիվ գործունեություն իրականացնող «Կյանքի խոսք» աղանդի մեջ. «Անձին վնասելու կամ պետականությանը վնասելու տեսանկյուններից որևէ վտանգ չեմ տեսնում»։
Ասուլիսի մասնակից Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը հավելեց, որ անձամբ մի քանի անգամ մասնակցել է «Կյանքի խոսքի» հավաքներին. «Մեր Ավետարանից բացի ոչ մի խոսք չեմ լսել»։ Նա հավելեց, որ մասնակցելու շարժառիթը զուտ իմացաբանությունն է։





