AM
16 Սեպտեմբեր 2011 - 10:04 AMT

Մարդու իրավունքների պաշտպանին խորհուրդ են տալիս քաղաքականություն չխցկվել

Մարդու իրավունքների պաշտպանը ամեն ինչով զբաղվում է բացի մարդու իրավունքները պաշտպանելուց։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը։ Որպես օրինակ նա բերեց քաղաքական երկխոսություններից առաջ միջնորդի դերում հանդես գալու Կարեն Անդրեասյանի առաջարկը։

«Ասում է՝ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջնորդ կարող եմ լինել։ Տղա ջան, դու ո՞վ ես։ Երեկ մեկ, էսօր երկուս տենց բան ասես։ Հրանոշ Հակոբյան լինես… հասկացանք՝ կին է, Մարտին Վարդազարյան՝ տարիքով կոմպոզիտոր է։ Սոս Սարգսյան լինես, հասկացանք, նրանք կարող են միջնորդ լինել, որովհետև հասարակության մեջ նրանց վարկանիշը բարձր է։ Զբաղվիր քո գործունեությամբ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ, ոչ թե խցկվիր քաղաքականության մեջ»,- ասաց Սերոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում իրավիճակը շատ ավելի լավը կլիներ, եթե յուրաքանչյուրն աներ իր գործը։

Քաղաքական երկխոսության նախաշեմին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկել էր հանդես գալ որպես միջնորդ։ Առաջարկությունը միանշանակ չէր ընդունվել ոչ ՀԱԿ-ի և ոչ էլ կոալիցիայի անդամների կողմից։