AM
17 Սեպտեմբեր 2011 - 10:55 AMT

Կանգառներից կվերանան «Ապեր, 82 համարը ստեղով անցնո՞ւմ ա» հարցնողները

Երևանի քաղաքացիներն ու զբոսաշրջիկները, հայտնվելով անծանոթ փողոցի անծանոթ կանգառում, հաճախ չեն կարողանում հասկանալ՝ որ երթուղայիններն են այդ հատվածով անցնում և որն ուր է գնում։ Հետևաբար, կարելի է ամենուր ականատես լինել շատ ծանոթ մի երևույթի, երբ մոտենում ու հարցնում են՝ «Ապեր, 82 համարը ստեղով անցնո՞ւմ ա» կամ «Հոպար, Ավան հասնո՞ւմ ես»։ Այնինչ քաղաքակիրթ երկրներում սա շատ վաղուց այլևս խնդիր չէ։

Մի քանի տարի առաջ Երևանի կանգառներում տեղադրվեցին այդ հատվածով անցնող երթուղայինների համարներով ցուցանակներ։ Սակայն տեղադրումից մի քանի շաբաթ հետո արդեն անհնար էր դրանց վրա որևէ թիվ տեսնել, քանի որ որոշ կազմակերպությունների և մարդկանց կողմից ամենուրեք փակցվում են հայտարարություններ, և կանգառների ցուցանակներն էլ նրանց աչքից չեն վրիպում։ Կանգառներում մարդիկ ավելի շուտ կարող են իմանալ որտեղ ինչ բնակարան է վաճառվում, քան որ երթուղայինն է անցնում այդտեղով։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացնում են, որ կանգառասրահներում կամ կանգառանշանների վրա հայտարարություններ փակցնելու համար որևէ տույժ կամ տուգանք չի նախատեսվում, իսկ նրանց սարքին լինելու և մաքրության համար պատասխանատվությունը կրում է «Երևանտրանս» ՓԲԸ-ն։

Հուրախություն բոլորի, իրավիճակը սկսել է կամաց-կամաց շտկվել։ Վերջին մի քանի օրերի ընթացքում մաքրել են Կենտրոն վարչական շրջանի կանգառանշանները։ Հուսանք, որ հերթը կհասնի ծայրամասերին էլ։ Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ «Երևանտրանս» ՓԲԸ-ն և ճանապարհային ոստիկանությունը համատեղ միջոցներ են ձեռնարկում որոշ կանգառներից անհետացած նշանների վերականգնման համար։

«Կա գաղափար՝ կանգառներում տեղադրել անցնող երթուղայինների մասին եվրոպական չափորոշիչներին համապատասխան գրություններ, ցանկ, թե որ երթուղայինն է անցնում այդ հատվածով, և որն ավելի կարևոր է՝ որն ուր է գնում», – PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի ծրագրերի ներդրման և սպասարկման մասնագետ Էդգար Հարությունյանը՝ հավելելով, որ դա դեռևս միայն գաղափար է, և առայժմ գործնական քայլեր չեն արվում։ Վերջինիս կարծիքով՝ գաղափարի իրականացումը կօգնի կողմնորոշվել թե զբոսաշրջիկներին, թե երևանցիներին։

Երեկ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց, որ կանգառասրահները համալրվելու են էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է լինելու GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:

Քաղաքապետարանը նախատեսում է 50 տոկոսով կրճատել շահագործվող միկրոավտոբուսների թիվը