AM
20 Սեպտեմբեր 2011 - 11:25 AMT

ՀՀ անկախությունը Երևանից հետո ամենաակտիվը կտոնեն Գավառում

ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան բոլոր տասը մարզերում։ Բոլոր մարզերում նախատեսվում են տոնական համերգներ, հանդիսավոր նիստեր, հրավառություն։ Մարզերից ամենաակտիվը անկախությունը կտոնեն Գեղարքունիքի մարզում. Գավառ քաղաքում կանցկացվի Անկախության վազքարշավ, Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կբեմադրվի Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» պիեսը, իսկ մանկատան այգում նախատեսվում է համերգային ծրագիր և կավճանկարչություն։

Հրազդանում կնշեն «Բերքի տոնը», իսկ Եղեգնաձորում ու Իջևանում կանցկացվեն զինվորական շքերթներ։ Իջևանում նախատեսվում է նաև Սուրբ պատարագի մատուցում ու մոմավառություն, իսկ Արմավիրում պսակներ կդնեն Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին։

Սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում է անցկացնել 22 միջոցառում, որոնցից առաջինը կլինի ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում։ Նախատեսվում են նաև մի շարք համերգներ։ Ջազ կարելի է լսել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, հեղինակային երգերի կատարումներ՝ Մոսկովյան պուրակում, դասական երաժշտության բեմ տեղադրված կլինի Կոմիտասի արձանի հարակից պուրակում, իսկ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ կհնչեն ազգագրական կատարումներ։ «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը կբեմադրվի Հանրապետության հրապարակում, որտեղ օրը կեզրափակեն տոնական հրավառությունն ու դիսկոտեկը։