AM
20 Սեպտեմբեր 2011 - 12:06 AMT

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի փողերը գողացել են

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Ստոկս» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Զարուբեժստրոյ» ԲԲ եւ «Ստոկս» ՍՊ ընկերությունների միջեւ 2010թ. օգոստոսի 12-ին կնքվել է ենթակապալի պայմանագիր: Այդ պայմանագրի համաձայն հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ տարածքում երրորդ կարգի ջրանցքների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար «Զարուբեժստրոյ» ԲԲ ընկերությունից ստացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ից A/CB/CW-08/006-L1 եւ A/CB/CW-08/006-L3 կապալի պայմանագրերի հիման վրա փոխանցված 1 613 531 ԱՄՆ դոլարից 360 000 ԱՄՆ դոլար կանխավճար:

Մինչդեռ նախապատրաստված նյութերի համաձայն` «Ստոկս» ՍՊ ընկերության տնօրենը պայմանագրով սահմանված ժամկետում կատարել եւ ԲԲ ընկերությանն է ներկայացրել ընդամենը 137 580,57 դոլարի կատարողական ակտ, իսկ 236 069,43 ԱՄՆ դոլարին համարժեք 86 670 372 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը յուրացման եղանակով հափշտակվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար: