AM
1 Հոկտեմբեր 2011 - 05:35 AMT

«Չենք լռելու». Կաքավաբերդ այցելելու համար գումար են գանձում, սակայն այն անտերության է մատնված

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել հայ ժողովրդի պատմական ժառանգության բարձիթողի վիճակի թեման: «Հայերը սիրում են անդադար խոսել թշնամի երկրների տարածքում անտերությունից կործանվող հայկական կոթողների մասին` չնկատելով նույն խնդիրը իրենց քթի տակ»,- նշվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

Կաքավաբերդը (Գեղի բերդ) գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. Այն անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ.` Պռոշյաններին։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ.-ին Կաքավաբերդի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Բերդը հիշատակում է Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224թ.-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ:

Կաքավաբերդն այսօր կատարյալ անտերության է մատնված Խոսրովի արգելոցի տարածքում, որի ղեկավարությունը էկոտուրիզմի զարգացման անվան տակ յուրաքանչյուր արշավականից 3000 դրամ է պահանջում միայն այն այցելելու թույլտվություն տալու համար: Որտեղ է գնում այդ գումարն` անհայտ է, բայց որ Կաքավաբերդն իր մաշկի վրա դրանք չի զգում` ակնհայտ: Կից տեսանյութի նկարահանումները կատարվել են սեպտեմբերի 6-ին: