Լույս է տեսել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի 2011 թվականի երկրորդ ժողովածուն: ՀՊՄՀ-ից հայտնում են, որ այն միջազգային գիտական հանդես է։ Խմբագրական խորհրդի նախագահն է ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր, հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գիտական հանդեսը միտված է նպաստելու ՀՀ-ում բարձրագույն մանկավարժական կրթական համակարգի բարելավմանը և առաջընթացին: Պարբերականում զետեղված են գիտատեսական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք օժանդակում են մանկավարժության և հոգեբանության բնագավառների առջև ծառացած խնդիրների լուծմանը, կրթության կառավարման հիմնախնդիրների լուսաբանմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը և միջազգային կրթական գործընթացների առաջադրած դրույթների համակարգված և միասնական ներդրմանը: Հանդեսում տեղ են գտել հայ և արտասահմանցի մասնագետների հրապարակումներ։





