Եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկություն հայտնեն, Իրանը պատրաստ է ղարաբաղյան խնդրի լուծում առաջարկել: Այդ մասին ասել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարաստը Կազանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Սակայն, հավելել է նա, «արտաքին երկրները ձգտում են օգտագործել վեճերը տարածաշրջանային խնդիրներին միջամտելու համար»:
Ըստ Մեհմանփարաստի, Իրանը կողմ է, որ բանակցություններն այդ հարցի շուրջ շարունակվեն: Նա նաև ասել է, որ արևմտյան երկրներն օգտագործում են ԶԼՄ-ները մահմեդական ժողովրդների մասին ճշմարտությունը խեղաթյուրելու համար:
Թաթարստանի Հանրապետության պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամեդշինի հետ հանդիպմանը Մեհմանփարաստը ասել է,որ Իրանն ու Ռուսաստանը կարող են զգալի դերակատարություն ունենալ տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանման հարցում: «Աշխարհում ներկա իրավիճակում, երբ զգալի իրադարձություներ են տեղի ունենում, սերտ կապերն ու համագործակցությունը բարեկամ երկրների միջև շատ կարևոր են»,-ասել է Մեհմանփարաստը, հայտնում է MNA-ն:





