Թուրքերն այլևս չեն կարող հույս դնել ԱՄՆ հրեական լոբբիի վրա: Այս մասին հայտնել է ամերիկյան «Heritage» ինստիտուտի վերլուծաբան Արիել Քոենը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացումը: Նրա խոսքով` AIPAC հրեական գլխավոր կազմակերպության ներկայիս կողմնորոշումն է չաջակցել, բայց և չխոչընդոտել Հայոց ցեղասպանության օրինագծին: Այս համատեքստում նա նկատել է, որ մյուս հրեական միությունների դիրքորոշումը պակաս կարևոր է: «Մենք գիտենք նաև, որ էթնիկ հրեա կոնգրեսականների մեծ մասն աջակցում են օրինագծին արդեն մի քանի տարի շարունակ»,- ասել է նա` հավելելով, թե կարծում է, որ որոշակի շարժ և դինամիկա կլինի դեպի օրինագծի հաստատումը: «Ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայում եղավ կամ Շվեդիայում և մյուս խորհրդարաններում»,- նշել է Քոենը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կազդի թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացումը Իսրայել – Հայաստան և Իսրայել – Ադրբեջան հարաբերությունների վրա՝ Արիել Քոենն ասել է, որ Հայաստանը, ի տարբերություն Իսրայելի, Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունի: Սակայն նա նկատել է, որ ժամանակին` շահի օրոք, Իսրայելի և Իրանի միջև լավ հարաբերություններ են եղել: «Իսրայելը բարեկամություն է անում Ադրբեջանի հետ, նավթ է գնում: Մենք տեսնում ենք նաև, որ Թուրքիան ճնշում է կիրառում Ադրբեջանի հանդեպ, որպեսզի Բաքուն սահմանափակի հարաբերությունները Իսրայելի հետ: Հուսամ` Բաքուն այլ կերպ կվարվի»,- նշել է նա: Նրա խոսքով` թեև Իսրայելը չի գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման, «ես Երևանի և Երուսաղեմի միջև որոշակի ջերմացում եմ ակնկալում»:
Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերություններում հերթական լարվածությունն է ծագել: Ավարտվել է հումանիտար բեռով Գազա շարժվող «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի կողմից հարձակման փաստի քննությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել զեկույցի վերաբերյալ և հայտարարել թուրքական կառավարության նոր որոշումների մասին: Դավութօղլուն հայտարարել է այն մասին, որ Անկարան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները 2-րդ աստիճանի կարևորության նվազագույնի է հասցնում և դադարեցնում այդ երկրի հետ բոլոր ռազմական համաձայնագրերի կատարումը:





