«Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն: ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ կոչնչացնի ոչ միայն Իսրայել պետությունն, այլ նաև հրեաներին: Այսինքն, ըստ էության, սա նացիստական միավորում է: Սակայն, ուշադրություն դարձրեք, որ բարեկամանալով Պաղեստինի հետ՝ Թուրքիան գործակցում է ոչ թե Աբբասի, այլ ՀԱՄԱՍ-ի հետ, իսկ երբ նա հրթիռներ է ուղղում Իսրայելի կողմը, Թուրքիան լռում է»,-հայտարարել է Heritage ամերիկյան վերլուծական ինստիտուտի վերլուծաբան Արիել Քոենը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն, որ Թուրքիայի քայլերը հակասական են: Ըստ վերլուծաբանի, Թուրքիան խոսում է Գազայի շրջափակումը վերացնելու մասին, սակայն, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: «Նույն թուրքերը շարունակում են պատերազմել քրդերի հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ երկերեսանիություն»,-ասել է նա:
Գալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Քոենն ասել է, որ ճիշտ այնպես ինչպես Թուրքիան աջակցում է ՀԱՄԱՍ-ին` ճակատային ձեւով հակադրվելով Օբամայի վարչակազմի քաղաքականությանը, նույն կերպ Էրդողանը չանսաց Հիլարի Քլինթոնի հորդորներին` Երեւանի հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ: «Վաշինգտոնում չեն կարողանում ընկալել այս քայլերը եւ հարց է առաջանում, Թուրքիան դաշնակից է, թե` ոչ: Թուրքիան հիմա առնվազն գլխացավանք է մեզ համար: Իսկ առավելագույնը՝ կորուսյալ դաշնակից»,-ասել է նա:





