AM
15 Հոկտեմբեր 2011 - 12:50 AMT

Դմիտրի Մեդվեդև. Ռուսական բանակն ընդունակ է ցանկացած ուժի խաղաղության պարտադրել

Վրաստանին խաղաղության պարտադրելու գործողությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը մարտունակ բանակ ունի, որը կարող է կարգուկանոն հաստատել և ցանկացած ուժի պատասխանատվության ենթարկել: Ինչպես հաղորդում է ՌԲԿ.ռու-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում իր համակիրների հետ հանդիպմանը: «Չնայած զինված ուժերի զարգացման հարցում մեր ունեցած խնդիրներին, մեր բանակը մարտունակ է, այն կարող է կարգուկանոն հաստատել և պատասխանատվության ենթարկել գրեթե ցանկացած ուժի»,- հայտնել է նա:

Մեդվեդևի խոսքով` Վրաստանին խաղաղության պարտադրելու գործողությունից Ռուսաստանը պատվով դուրս եկավ, իսկ մնացած երկրները կարևոր դաս քաղեցին: «Ես ոչ մի պետության ղեկավարի չեմ ցանկանում նման որոշումներ ընդունել, բայց երբեմն դրանք ստիպված ենք լինում ընդունել և նման վճիռներին պետք է պատրաստ լինել»,- նշել է նախագահը:

Դրա հետ մեկտեղ Մեդվեդևը հավելել է, թե «ես մեծ հույսեր ունեմ, որ մոտակա տարիների կամ տասնամյակների ընթացքում մենք նման փորձություններ չենք ունենա»,- ասել է Մեդվեդևը: