Նոյեմբերի 6-8-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ պատմաբանների նախաձեռնող խմբի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ տեղի կունենա երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Գիտաժողովը կրում է «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագիրը:
Հիմնադրամից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը և նախաձեռնող խմբի անդամներ, պատմաբաններ Խաչիկ Ստեփանյանը և Սամվել Պողոսյանը ներկայացրել են միջազգային գիտաժողովի նպատակներն ու նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշել է, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են երիտասարդ գիտնականների կողմից ներկայացվող առաջարկությունները՝ համաժողովների կազմակերպում, մասնակցություն միջազգային գիտաժողովների, գիտական նյութերի տպագրություններ և այլն։ «Մենք ուրախ ենք, որ այդ ակտիվությունը կա, քանի որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, իր նպատակներից ելնելով, չի փորձում և չի ցանկանում բոլոր ծրագրերն ինքնուրույն իրականացնել։ Մենք նաև կուզենայինք, որ առաջարկություններն ու նախաձեռնությունները երիտասարդների կողմից լինեին։ Եվ նոյեմբերի 6-8-ն իրականացվելիք միջազգային գիտաժողովը դրա վառ օրինակն է»։
Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, խոսելով «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» խորագրով գիտաժողովի նպատակների մասին, նշել է, որ այն հնարավորություն կտա հայագիտության ոլորտի երիտասարդ մասնագետներին ինքնադրսևորվել, համախմբել եղած ներուժը, հաստատել կապեր, իրականացնել փորձի փոխանակում։ Այն կօգնի նաև կապեր ստեղծել միջազգային տարբեր գիտական կառույցների հետ, ինչի շնորհիվ հայագիտական միտքն առավել հաջողությամբ կներկայացվի միջազգային ասպարեզում։





