«Չենք լռելու»-ի խորհրդի ներկայացուցիչը նախօրեին հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Նախաձեռնությունից հայտնում են, որ երեք ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:
Փոխնախարարին են ներկայացվել մի շարք նկատառումներ` կապված բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարների պատճառների վերացման հետ: Մասնավորապես, հայտնվել է, որ չափազանց անարդյունավետ է սերժանտների պատրաստման ձևական համակարգը, և այստեղ արևմտյան երկրներում առկա փորձը փոխառելու կարիք կա: Պակաս մտահոգիչ չէ նաև ժամանակակից պահանջներին համապատասխանող սպայական կադրերի պատրաստման խնդիրը:
Սպասվող զորակոչին ընդառաջ «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել` կապված նորակոչիկների բուժզննման և ըստ զորամասերի տեղաբաշխման հետ. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակի հետ կապված գլխավոր կոռուպցիոն ռիսկերն առկա են հենց այս փուլում, իսկ հանցավոր պայմանավորվածությունները, հիմնականում, իրականացվում են զինկոմիսարիատների միջոցով»:
Ընդհանրապես, զրույցի ողջ ընթացքում Դավիթ Տոնոյանը պայմանավորում էր տարրական կոռուպցիոն ռիսկերի վերացումը մտածելակերպի գլոբալ, գրեթե միֆական փոփոխությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան կոնկրետ խնդիրների լուծումից խուսանավելու փորձ:
«Ցավոք, պաշտպանության փոխնախարարի հետ հանդիպումն էլ ավելի մեծ կասկածի տակ դրեց հավատը, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը բանակի և հասարակության միջև առկա անջրպետն ընդունում է համարժեքորեն և պատրաստվում է փոխել իր աշխատաոճը»,- գրում են նախաձեռնությունից։
Հանդիպման վերջում «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկել պաշտպանության փոխնախարարի մոտեցումները` կապված բանակում իրավիճակի առողջացման հետ` կարծիք հայտնելով, որ արատավոր երևույթների պատճառների վերացման համար անհրաժեշտ վճռականություն ու կամք նրա կողմից չի ցուցաբերվում:
«Բանակում իրական բարեփոխումների միակ հույսը մնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ումից բացի ՊՆ-ի որևէ այլ պաշտոնյայի հետ հանդիպելու բոլոր հրավերները «Չենք լռելու»-ի կողմից հետայսու մերժվելու են: Ամենավտանգավոր և անհեռանկար բանը, որ կարելի է այժմ անել, բարեփոխումների իմիտացիան է»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:





