AM
26 Հոկտեմբեր 2011 - 05:59 AMT

«Արդշինինվեստբանկի» Վարդենիսի մասնաճյուղում կեղծ վարկեր են ձևակերպել ու յուրացրել 53 661 800 դրամ և 5 311 դոլար

Հայաստանի վճռաբեկ դատարանի որոշմամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանի և անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի վճռաբեկ բողոքները հետ են վերադարձվել, և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Դատախազությունից հայտնում են, որ ըստ այդմ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. փետրվարի 9-ի դատավճռով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանը, նախնական համաձայնության գալով վարկային բաժնի մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի և «Վասարաթ» ՍՊ ընկերության տնօրենի հետ, ձևակերպել են կեղծ վարկեր: Մասնավորապես` մասնաճյուղի վարկառուների անվամբ` առանց նրանց իմացության, 2006-2007թթ. ձևակերպել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման պատրվակով վարկ հատկացնելու վերաբերյալ 198 կեղծ պայմանագրեր` 53 661 800 ՀՀ դրամ և 5 311 ԱՄՆ դոլար գումարի:

Այնուհետև ստացված գումարների իրական բնույթը, ծագումը, տնօրինման եղանակը թաքցնելու նպատակով այդ գումարները փոխանցել են կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Խ. Շաբոյան» Ա/Ձ-ի և «Վասարաթ» ՍՊ ընկերության հաշվեհամարներին: Գումարները փոխանցելուց հետո Խ. Շաբոյանը և Հ. Խաչատրյանը իրենց հաշվեհամարներին փոխանցված վերոնշյալ գումարներն ապօրինի կանխիկացրել են ` իբր իրենց խանութներից ապառիկ կարգով վաճառել են կենցաղային տեխնիկա: Կանխիկացված գումարները փոխանցվել են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանին և վարկային բաժնի մասնագետ Հ. Համբարձումյանին: Վերջիններս յուրացման եղանակով հափշտակված գումարներից մի մասով կատարել են վարկերի մարումներ, որպեսզի իրենց կողմից կատարված հանցանքը չբացահայտվի, իսկ մնացած մասը տնօրինել և ծախսել են անձնական կարիքների համար:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա. Բաղդասարյանը և Խ. Շաբոյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի -179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ա. Բաղդասարյանի համար դատարանը պատիժ է սահմանել ազատազրկում 9 տարի ժամկետով և հօգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության 16 864 515 դրամի բռնագանձում, իսկ Խ. Շաբոյանի համար պատիժ է սահմանել ազատազրկում` 7 տարի ժամկետով և հօգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության 5 637 784 դրամի բռնագանձում:

Ինչ վերաբերում է Հ. Համբարձումյանին, ապա ընդհանուր իրավասության դատարանի` 2010թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ նրա վերաբերյալ գործի մասն անջատվել է և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում` նկատի ունենալով, որ գործը դատարանում քննելիս Հ. Համբարձումյանը խուսափել և թաքնվել է քննությունից: Նրա նկատմամբ վարույթը կասեցվել է` մինչև վերջինիս հայտնաբերումը:

2011թ. հուլիսի 6-ին ամբաստանյալներ Ա. Բաղդասարյանը և Խ. Շաբոյանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, որոնք մերժվել են, իսկ ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքները 2011թ. օգոստոսի 24-ին հետ են վերադարձվել, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: