Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 25-ին «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին մոտ 30 ուսանողների այցելություն Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում տեղակայված հրաձգային գումարտակ, որտեղ նրանք ծանոթացել են բանակային առօրյային, հանդես եկել ռազմահայրենասիրական երգերի կատարումներով։ Հիմնադրամից հայտնում են, որ երիտասարդները եղել են նաև հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված հենակետերից մեկում, զրուցել շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ և պարգևատրել 10 ժամկետային զինծառայողների և 10 սպաների։
«Երիտասարդների այցելությունների կազմակերպումը զորամասեր նպատակ ունի ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ինչպես նաև երիտասարդության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին։ Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի լինենք բանակի կողքին և մեր շնորհակալությունը հայտնենք զինվորներին ու սպայական անձնակազմին իրենց ծանր, պատասխանատու ծառայության համար»,- ասել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։
Զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Սարգիս Թորիկյանը նշել է, որ երիտասարդական նման այցելություններն անհրաժեշտ են բանակին։ Դրանք զինվորներին հաղորդում են ոգևորություն, հայրենասիրություն, զինվորը զգում է, որ ժողովուրդը, ուսանողությունը, երիտասարդությունն իր կողքին են՝ պատրաստ դժվար պահերին սատար լինելու։





