ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև հնարավոր իրավախախտումները կանխելու և խափանելու, հավաքի իրավախախտ մասնակիցների նկատմամբ ուժի գործադրումը հնարավորինս բացառելու նկատառումներով` ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետերով և 12-րդ հոդվածով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի մասնակիցներին առաջարկել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում:
Նշվում է, որ ՀՀ ոստիկանության կողմից հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության նախորդ նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ, որոնք վերստին ժամանում էին հավաքի վայր, պարբերաբար և տևական ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտել են կառավարական տուն 1 շենք ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև թույլ են տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ, սադրել բախումներ ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև:
Այսօր բանակում զոհված զինվորների ծնողները փորձում էին հերթական ցույցն անցկացնել կառավարության շենքի դիմաց, սակայն, ցուցարարների պնդմամբ, ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել նրանց հասնել մինչև կառավարության շենքը և իրենք ստիպված ակցիան անցկացրել են շատրվաններին հարող տարածքում։
Այսօր առավոտյան Կառավարության շենքի առջև միանձնյա բողոքի պառկած ակցիա է անցկացրել ՀԱԿ կողմնակից Վարդգես Գասպարին։ Նա անմիջապես փողոցում պառկել էր «Արյունոտ 10-ամյակ. հոկտեմբերի 27-ից մարտի 1» ցուցապաստառով:
Ակցիան տևել է մոտ 2 ժամ։ Նախորդ նիստի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ. բողոքողներից մեկը «սրիկա» է անվանել ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկանները հորդորել են նրան վիրավորանքների չանցնել, սակայն նա չի ենթարկվել:
Արդյունքում նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:





