AM
28 Հոկտեմբեր 2011 - 09:17 AMT

ԳԱԱ-ում մեկնարկեց հանելուկային վիշապներին նվիրված գիտաժողովը

Այսօր` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում մեկնարկեց երկօրյա գիտաժողով` նվիրված հնագույն, հանելուկային վիշապ քարակոթողներին: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յու. Մ. Սուվարյանը, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանը: Ավետիսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ վիշապ-կոթողները քիչ են ուսումնասիրված և գիտաժողովի նպատակն է բացահայտել դրանց ժամանակագրությունը, գործառույթը:

Գիտաժողովում ելույթ ունեցան Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտական աշխատողները, ովքեր ներկայացրեցին կոթողների ուսումնասիրման հիմնախնդիրները: Գիտաժողովում մասնակցում է նաև Բեռլինի բաց համալսարանի դասախոս Ալեսանդրա Ջիլիբերտը:

Հայկական լեռնաշխարհում վիշապ կոթողները հանդիպում են Տայքից մինչև Սևանա լիճ: Դրանք ուղղաձիգ կանգնեցված կոթողներ են, որոնք ունեն ձկան տեսք, կամ ուղղաձիգ սյուն` որի վրա կարծես խոյի կամ ցլի մորթի հագցված լինի: Հայկական լեռնաշխարհում դրանց թիվը շուրջ 80-ի է հասնում, սակայն դրանց մեծ մասը տեղաշարժված է կամ տեղափոխված, ինչն էլ մեծ խնդիր է առաջացնում ուսումնասիրման համար: