AM
28 Հոկտեմբեր 2011 - 13:13 AMT

ՌԴ Հասարակական պալատի պատվիրակությունն այցելել է Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկու:

Պատվիրակությանն ուղեկցող ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ՀՀ Հանրային խորհրդի և Հասարակական պալատի միջև հաստատված կապերը և հոկտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրով նախանշվող համագործակցությունը տարբեր ոլորտներում:

ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին իր ուրախությունն է արտահատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով: Նա ներկայացրել է ՌԴ Հասարակական պալատի գործունեությունը և համագործակցությունը Եկեղեցիների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ համայնքին, ինչպես նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ եղբայրական հարաբերություններին: Պատվիրակությունն ուրախություն է հայտնել նաև Մոսկվայում հայկական եկեղեցական համալիրի կառուցման առիթով` նկատելով, որ դա երկու հավատակից ժողովուրդների ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է: