Նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ այսօր սփյուռքի նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի» համակարգող խորհրդի 4-րդ նիստը։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է ներկաներին` թեթև անդրադարձ կատարելով 2010թ. «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում» և 2011թ. «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովում» ԶԼՄ-ին առնչված խնդիրներին:
Նախարարի առաջարկով 2012 թվականին կայանալիք լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը կընթանա «Հայ լրագրությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրի ներքո: Այն կկազմակերպվի Երևանում 2012 թվականի սեպտեմբերի 19-20-ին: Նախարարը կարևորել է նաև ԵՊՀ –ի հիմքով «Սփյուռքի ամառային համալսարանի» ստեղծման անհրաժեշտությունը, որը կունենա 5 ֆակուլտետ` երիտասարդ լրագրողների, երիտասարդ առաջնորդների, ուսուցիչների վերապատրաստման, մշակութային և մայրենիի արագացված ուսուցման:





