«Չենք լռելու»-ն հորդորում է իր բոլոր համախոհներին` անպատճառ մասնակցել վաղը կայանալիք մեծ ցույցին` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման: Ցույցն իրականացնում է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ և նախաձեռնություններ:
«Մինչ մի խումբ երիտասարդներ Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի բնության այդ հրաշքը ոմանց «թեթև ձեռքով» հանկարծ չլռի, Երևանում ոչ պակաս կարևոր աշխատանք ունենք. մենք պե՛տք է ստիպենք կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը վերջապես լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին: Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ: Թռչկանը չի՛ լռելու: ՀԷԿտի՛ր Թռչկանից»,- գրում են նախաձեռնությունից:
Ցույցը կայանալու է նոյեմբերի 1-ին` ժամը 15:00-ին, բնապահպանության նախարարության առջև:





