ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ գրելով, որ մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն արդարության պակասն է:
«Մեր մարդիկ դժգոհում են իրենց աղքատությունից, քննադատում են նախկինում անցկացված ընտրությունները, մտահոգվում Լեռնային Ղարաբաղի անկախությամբ և նորից ու նորից վերադառնում արդարության խնդրին: Մեր երկրում արդարությունն առաջին հերթին դատավորի գործն է: Ըստ օրենքի և ողջամիտ տրամաբանության, մարդիկ արդարություն պետք է փնտրեն դատարաններում, այլ ոչ` կառավարության շենքի դիմաց»,- նշել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ դատավորը արդար լինելու համար անհրաժեշտ է, որ գործի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, այսինքն՝ պատժելու արդար համակարգ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունի բացառապես ՀՀ արդարադատության խորհուրդը:
«Այս համակարգը և դրանում եղած խնդիրները հասարակությանը ցայտուն ներկայացնելու համար ես ընտրեցի երեք դատավորի դեմ բերված բողոքները և դիմեցի Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին: Դիմելուց հետո հրապարակեցի դատավորների անունները և, ըստ իս, նրանց կողմից թույլ տրված անօրինությունները: Արդարադատության խորհրդի մասը կազմող կարգապահական հանձնաժողովը հրաժարվեց վարույթ հարուցել, և ես այդ նույն երեք գործերը 49 օր առաջ ուղարկեցի Ձեզ»,- հիշեցրել է Անդրեասյանը՝ նշելով, որ մինչ օրս արդարության ակնկալիքով սպասում է այն նույն երեք դատավորների գործերով որոշմանը:





